Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք

Պատերազմից անցել է մեկ տարի, ու օբյեկտիվորեն կար անհրաժեշտություն լուրջ փոփոխությունների՝ ռազմավարության ու մարտավարության վերանայման, հավանական մարտական գործողություններում սեփական միավորների բաշխման ու գնահատման վերարժևորման, պատերազմի փորձի ու առկա միտումների, ինչպես նաև նոր բնագծերով պայմանավորված իրավիճակին համահունչ միջոցառումների կազմակերպման:

Այս ամենի անհրաժեշտությունը օբյեկտիվորեն ունեին 2 կողմն էլ: Մենք Ադրբեջանից հիմա կիլոմետրերով հեռու ենք, չնայած նրան, որ իրենք հաղթել էին ու կարող էին թուլանալու ճոխություն թույլ տալ իրենց, բայց ճոխություն թույլ ենք տալիս մենք:

Հիմա ավելի առարկայական․ շատ չմանրամասնենք, բայց պատերազմից հետո ավելի մոբիլ ստորաբաժանումների ստեղծման խիստ անհրաժեշտություն կար: Սա նախ պայմանավորված է գլոբալ միտումներով, երկրորդ՝ արդեն իսկ եղած բնագծերով ու դրանից բխող հավանական ռազմական գործողությունների սցենարներով, ապա նաև ֆինանսական գործոններով: Կոպիտ ասած դրանք ավելի էժան են։ Այս վերջին կետը լրիվ համապատասխանում է մեր դրությանը:

Բայց ադրբեջանցիները շատ ավելի շուտ սկսեցին դա անել ու մեզնից հիմա էլ առաջ են: Ընդ որում, այս հարցում մեկնարկային կետերը գրեթե հավասար էին, կամ անդունդը մեծ չէր: Սրանք խնդիրներ էին, որոնք ֆինանսական լուրջ կարողություններ չէին պահանջում, գոնե սկզբի համար հայեցակարգային հարցերի լուծումներ էին պետք:

Ադրբեջանում հասկացել էին վերոնշյալ գործոնները ու հասկացել էին, որ զրահատանկային ստորաբաժանումների կորուստները լրացնելու համար այս պահին խոշոր ծախսեր անելու ժամանակը ու կարիքը չունեն ու շատ ավելի իմաստալից է թեթև ու մոբիլ միավորներ ստեղծելը, քան եղած մոտոհրաձգային ստորաբաժանումնները պահելը ու տեխնիկայի կորուստները լրացնելը, ինչը և՛ ավելի թանկ է, և՛ ավելի ժամանակատար:

Ենթադրելի է նաև, որ հասկացել են, որ ներկա բնագծերով ու ռելիեֆով ապագա հավանական մարտական գործողությունների տեղանքներում զրահատանկային միավորները ու ոչ այնքան մոբիլ մոտոհրաձգային ուժերը ավելի պակաս էֆեկտիվ են լինելու, քան շատ ավելի էժան մոբիլ ստորաբաժանումները:

Այս ամենը հասկանալով իրենք շատ արագ սկսեցին գործել: Նախ՝ սրա իրագործման «քավորությունն» ապահովելու համար պատերազմից հետո Ադրբեջանում պահեցին կամ շարունակեց մնալ Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվի (արդեն նախկին) պետ՝ Բահթիյար Էրսայը, ում մասին Razm.info֊ն գրել էր դեռ մարտին: Էրսայն այսօր էլ շարունակում է մնալ ու աջակցություն ցույց տալ բանակի վերակազմավորման գործում:

Ադրբեջանցիներն իրենց զինծառայողներին սկսեցին ուղարկել Թուրքիա դասընթացների ու դրան զուգահեռ արդեն իսկ եղած մոտոհրաձգային զորամասերի հիմքի վրա սկսեցին ստեղծել մոբիլ միավորներ՝ «Կոմանդո զորամասեր»: Կոմանդո զորամասերը տարածված են Թուրքիայում ու դրանք Ադրբեջանն իր կարիքներին համահունչ լոկալիզացնում է իր մոտ: Մի կարևոր բան միայն․ Կոմանդոներին պետք չէ շփոթել կամ նույնականացնել Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի հետ:

Ներկայումս Ադրբեջանում արդեն իսկ 2 Կոմանդո զորամաս կա, երկուսն էլ ոչ թե նոր են ստեղծվել, այլ նախկին մոտոհրաձգային բրիգադների հիմքի վրա են: Մեկը Արցախից հյուսիս տեղակայված 130-րդ մհբ-ի հիմքի վրա, մյուսը՝ ծայր թիկունքում, 651-րդ մհբ-ի հիմքի վրա: Ի դեպ, վերջինս պատերազմին ներգրավված եղել է ու հենց սրա ստորաբաժանումներն էին կորուստներ կրել Թաղավարդի մոտ: Վստահաբար Կոմանդո զորամասերի թիվը ավելանալու է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *