Մոլորակի ամենայուրօրինակ խմբերից մեկը Հայաստանում է
«Նրանք ամենաշլացուցիչ հարվածային կատարողներից են, ում կարելի է լսել Բալիից այս կողմ»,- «Ամադինդա» խմբին այսպես է բնորոշել «Գարդիան» հեղինակավոր ամսագիրը:
Վիրտուոզ կվարտետի ձեռքում ցանկացած առարկա դառնում է երաժշտական գործիք: «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում խումբը ելույթ կունենա Հայաստանում:
«Սա մոլորակի վրա ունիկալ արժեք և նշանակություն ունեցող երաժշտախումբ է, որն արդեն 35 տարի է՝4 մայրցամաքներում ներկայացնում է հարվածային գործիքների բարձրագույն արվեստը: Կարծում եմ՝ սա այն որակներից է, որը վայել է, որպեսզի «Երևանյան հեռանկարները» շարունակաբար ներկայացնի իր ունկնդիրներին», - նշում է փառատոնի կազմակերպիչներից Սոնա Հովհաննիսյանը:
Խումբը Հայաստանում երկրորդ անգամ է: Առաջինը 12 տարի առաջ էր՝ կրկին փառատոնի շրջանակներում: Դեռևս 2007-ին այստեղից տպավորված են հեռացել:
«Մենք շրջագայել ենք շուրջ 40 երկրում՝ 4 մայրցամաքներում, 35տարի շարունակ, բայց եթե մեզ հարցնեն՝ որոնք էին ամենատպավորիչ երկրներն ու ընդունելությունները, առնվազն երրորդը պիտի նշենք Հայաստանը»,- ասում է խմբի ղեկավար Զոլթան Ռաչը:
Փայտ, մետաղ, կաշի, քար և այլ նյութերից պատրաստված գործիքների թիվն, ըստ խմբի անդամների, անցնում է հարյուրից. «Բուդապեշտի մեր աշխատասենյակի տարածքը 320 քառակուսի մետր է, որի կեսից ավելին գործիքներով է լցված: Դրանք հարյուրավոր են»։
Ջոն Քեյջ, Սթիվ Ռայխ՝ 20-րդ դարի ամենախոշոր կոմպոզիտորները տարիներ շարունակ ստեղծագործել են «Ամադինդա»-ի համար: Իսկ միջազգային երաժշտասեր հանությունը 35-ամյա խմբին համարում է աշխարհի ամենայուրօրինակ և բազմադեմ հարվածային անսամբլներից մեկը: