Լիզին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիզին, α,ε-դիամինակապրոնաթթու, անփոխարինելի ամինաթթու։ Անգույն բյուրեղներ են, մոլեկուլային զանգվածը 146,19։ Հանդես է գալիս D և L—ձևերով։ Բնականը L ձևն է։ Հալման ջերմաստիճանը՝ 224—225 °C, լավ է լուծվում ջրում, թթուներում ու հիմքերում, վատ՝ սպիրտում։ Լիզինը անջատվել է կազեինի հիդրոլիզատից (1889)։ Լիզինում պարունակվում է բուսական և կենդանական ծագում ունեցող համարյա բոլոր սպիտակուցներում, չի սինթեզվում մարդու և կենդանիների օրգանիզմում։ Սնունդի մեջ լիզինի բացակայությունը դանդաղեցնում է երեխաների աճը, մեծերի մոտ առաջացնում է բնականոն կենսագործունեության խանգարում, որն արտահայտվում է ազոտի բացասական հաշվեկշռով։ Լիզինի օրական պահանջը հասուն մարդու մոտ կազմում է 23 մգ/կգ քաշին, մանուկներինը՝ 170 մգ/կգ։ Արդյունաբերության մեջ լիզին ստանում են մանրէակենսաբանական սինթեզով։ Լիզինը կիրառվում է գյուղատնտեսական կենդանիների կերը և որոշ սննդանյութեր հարստացնելու նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png